<<ԴԵ ՅՈՒՐԵ>> ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ հասարակական կազմակերպության փորձագետ՝ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆը Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը հանցագործության մասին

❗️ Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը (ՀՀ քրեական օրենսգիրք, 361-րդ հոդված) ✅Սովորաբար մարդիկ դժգոհում են մեկ բժշկի ձեռագրից, մեկ էլ իրավաբանի խոսքից՝ արդյունքում ոչ մեկը, ոչ մյուսը չհամարելով իրենց խելքի բանը: Այնինչ իրավագիտության ոսկե կանոնն ասում է՝ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: ✅Տեսնելով մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ 800-ից ավելի անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել դասալքության և հրաման չկատարելու հանցակազմերով, նաև հաշվի առնելով հանրային իրազեկվածության բարձր պահանջը վերոնշյալի վերաբերյալ՝ հարկ եմ համարում մանրամասն անդրադառնալ զինվորական բնույթի հանցագործություններին: Դրանց վերաբերյալ շարքի մեկարկը կտրվի Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը (ՀՀ քրեական օրենսգիրք, 361-րդ հոդված) հանցագործության ներկայացմամբ (պատժատեսակների մասին տեղեկատվությունը՝ կից):📌Նշված հանցագործությունը կարող է դրսևորվել հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ՝1. Զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը2. Զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը: 📌Զորամասը կամ ծառայության սահմանված վայրը կարելի է թողնել միայն հրամանատարի (պետի) թույլտվությամբ: Այդ դեպքում զինծառայողին տրվում է պետի ստորագրությամբ արձակման գրություն:📌Այն դեպքում, երբ ծառայության վայրը չի համընկնում զորամասի տարածքի հետ, դրա տակ հասկացվում է ցանկացած վայր, ուր զինծառայողը պարտավոր է որոշակի ժամանակահատվածի ընթացքում կատարել զինվորական ծառայության հետ կապված պարտականությունները կամ այն վայրը, որտեղ զինծառայողը գտնվում է պետի հրամանով: 📌Ինչ վերաբերում է զորամասից արձակվելիս, նշանակվելիս, գործուղումից, արձակուրդից կամ բուժական հաստատությունից առանց հարգելի պատճառների չներկայանալուն, ապա հարգելի պատճառների տակ այստեղ նկատի է առնվում՝1. Զինծառայողի կամ մերձավորի այնպիսի հիվանդությունը, որի պատճառով նա օբյեկտիվորեն չի կարողացել ժամանակին ներկայանալ2. Անհաղթահարելի ուժը (տարերային աղետ, տրանսպորտի աշխատանքի գրաֆիկի խախտում և այլն)3. Ծայրահեղ անհրաժեշտությունը, ինչպես նաև այն դեպքերը, երբ զինծառայողը մասնակցել է հանցանք կատարած անձին բռնելուն կամ պահի թելադրանքով մասնակցել է հասարակական կարգի պաշտպանությանը: 📌Այն դեպքում, երբ զինծառայողը զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ ծառայության չներկայանալու դիտավորություն է ունեցել 3 օրից ավելի ժամկետով, սակայն նրա կամքից անկախ պատճառներով (օրինակ՝ նրան բռնել են) դա տևել է երեք օրից պակաս, ապա արարքը որակվում է որպես ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված հանցագործության փորձ:📌Հանցագործության սուբյեկտ կարող է լինել ցանկացած զինծառայող: 📌Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում զորակոչի հիման վրա կամ պայմանագրով զինվորական ծառայություն անցնող անձինք, ինչպես նաև ռազմական հավաքներ անցնելու ժամանակ՝ զինապարտները:📌Այն դեպքերում, երբ հանցագործությունը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, ապա նախատեսվում է պատիժ 6-12 տարի ժամկետով ազատազրկում: Ի դեպ, պատժաչափը խստացվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունված փոփոխություններով՝ նախկինում 3-8 տարի ազատազրկման փոխարեն սահմանելով 6-12 տարի ազատազրկում:❗️Նկարագրված համատեքստում կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր հարուցված քրեական գործի շրջանակներում զինծառայողը իրավունք ունի ունենալու պաշտպան, այդ թվում՝ հանրային պաշտպան:❗️Վերը նշվա ընդհանրական նկարագրից բացի, զինվորական բնույթի հանցագործության դեպքով հարուցված ցանկացած քրեական գործ առանձնահատուկ է, հետևաբար անհրաժեշտ է լիարժեք ուսումնասիրության առարկա դարձնել գործում առկա տվյալները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *